Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ.  ԳԱՐԵԳԻՆ Բ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951 թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգեւոր ճեմարանը եւ նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով  <Նոր Կտակարան>  առարկան:
1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում: 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգեւոր Ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. Ապրիլին`  Առաջնորդական Փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ եւ տիտղոս:
1989 թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը:
1992 թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրեւ Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգեւոր ու գեղագիտական կրթություն:
1990 թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում:
1990 թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ է:
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը`  հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի:
1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ:
1999 թ.  հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց`  նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն եւ օծում: Նորին Սրբությունը <Հայաստան>համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀԲԸՄ-ի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ:
Նորին Սրբությանը շնորհվել է` 2000 թ. Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երեւանի Պետական Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի եւ ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում:  2003 թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
Գարեգին Բ Հայրապետն առ այսօր պարգեւատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի, <Բեթղեհեմ-2000>, Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւով`  <Ռումինիայի աստղ> (2000), Ուկրաինայի Հանրապետության  <Իշխան Յարոսլավ Իմաստուն> 5-րդ աստիճանի (2001), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001), Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով  2004  եւ այլ շքանշաններով: