Նվիրապետություն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ

Հայ Առաքելական Ս.Եկեղեցու Կոտայքի թեմը ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի (1995-1999) 1996 թ մայիսի 30-ի պաշտոնագրով. ներառնելով ՀՀ Կոտայքի մարզը: Մինչ այդ հիշյալ տարածքը գտնվում էր Արարատեան Հայրապետական թեմի կազմում. իսկ ավելի վաղ այն կենտրոնական մասն է կազմել է Հայ Եկեղեցու պատմական աթոռներից մեկի` Բջնիի եպիսկոպոսության: Հիշարժան է. որ Բջնիի աթոռը միջնադարում եղել է մեկը այն կարեւորագույն չորս աթոռներից, առանց որոնց աթոռակալների համաձայնության անհնար էր Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը (այսօրինակ պատիվ ունեին նաեւ Սյունյաց, Հաղպատի եւ Արտազի աթոռները):
Բջնիի աթոռը Հայաստանի եպիսկոպոսությունների մեջ այն եզակիներից մեկն է, որի հիմնադրման վերաբերյալ պահպանվել է համապատասխան կաթողիկոսական հրամանը` վիմագիր արձանագրության տեսքով: Արձանագրությունը գրվել է 1031 թվականին Պետրոս Ա. Գետադարձ (1019-1058) կաթողիկոսի կողմից, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու պատին: Ուշագրավ է, որ նոր եպիսկոպոսարանի հաստատման հրամանը թեեւ անմիջականորեն արձակված էր կաթողիկոսի կողմից, սակայն ժամանակի թագավորը` Սմբատ Բ. Տիեզերակալը եւս կամակից էր այս որոշմանը. Արձանագրության մեջ կարդում ենք.<<Շնորհիւն Աստուծոյ այս հրամանք է իմ` տեառն Պետրոսի եւ Սմբատայ Շահնաշահի, որ հաստատեայ եպիսկոպոսարան ի Բջնի քաղաքս զսուրբ Աստուածածնիս հիմնարկեալ կատարեաց Գրիգոր իշխանաց իշխան, որդի Վասակայ, եւ տուաւ վիճակ ի ս. Աստուածածինս ի Փոշեհանից մինչեւ ի Նիգ եւ Դիւատունս… եւ Աղստեւ. տուաք գաւազան եւ ս. նշան եւ աթոռ>>: Բջնիի աթոռը հետագայում մեծ հռչակ է ստացել եւ տեղի եպիսկոպոսները կոչվել են Արարատյան գավառի դիտապետ: 1267թ. մի հիշատակարանում Բջնիի արքեպիսկոպոս Գրիգորը հիշատակվում է հետեւյալ կերպ. <<…արքեպիսկոպոսն տէր Գրիգոր, որ ունէր զվերատեսչութիւն այցելականն դիտման քահանայական դասու կատարող պետութեան Այրարարատեան նահանգին, ներակայան ունելով զամուրն Բջնի>>: Իսկ 1406թ. Մանուել անունով առաջնորդը հիշվում է որպես <<եպիսկոպոս Բըջնո եւ Այրարատեան նահանգի>>:
Բջնիի եպիսկոպոսական աթոռի պատմությունն առանձին հանգամանալից ուսումնասիրության չի ենթարկվել եւ այդ ուղղությամբ կատարված միակ աշխատանքը թերեւս Ղ.Ալիշանի կազմած Բջնիի եպիսկոպոսների գավազանագիրքն է, որը եւս զգալի լրացումների կարիք ունի: Այնուհանդերձ ներկայացնենք այդ անվանացանկը, ըստ հիշատակման թվականների, որոշ հավելումներով եւ առաջնորդներից մի քանիսի մասին հակիրճ տվյալներով:
1031-50 Եփրեմ
1051 Հովհաննես
1205-10 Վրթանես (մասնակցել է Լոռիի եւ Անիի եկեղեցական ժողովներին)
1246-47 Վանական
1267 Գրիգոր
1299 Հովհաննես (Ստեփանոս Օրբելյանի գործակից)
1306 Սարգիս
1358-87 Վանական
1406 Մանուել
1441 Հովհաննես (կաթողիկոսական Աթոռը Ս. Էջմիածնում վերահաստատող ժողովի մասնակից
1610-24 Մանուել Երաժիշտ
1631 Փիլիպոս (հետագայում` կաթողիկոս)
1643 Փիլիպոս
1646-66 Մովսես րաբունապետ
1653 Մանուել
1688 Սիմոն
1690-1701 Մեսրոպ
1708-16 Հովհաննես
1733 Դավիթ
1740 Կարապետ: