ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Երանելի Գրիգոր Երկխոսն այնքան ողորմած էր, որ նույնիսկ վերջին ունեցվածքը չէր խնայում, միայն թե աղքատի կարիքը հոգար:
Մի անգամ նրա մոտ եկավ մի աղքատ և խղճալի ձայնով ասաց.<<Ողորմիր ինձ, բարձրյալ Աստծո ծառա և օգնիր: Ես նավատեր էի, բայց իմ մեղքերի պատճառով Աստծուն հաճելի եղավ, որ ծովը կուլ տար իմ ունեցվածքը: Մնալով մերկ՝ ես նաև մեծ պարտքեր ունեմ>>:
Արդար Գրիգորը նրա դժբախտության համար լաց եղավ, կանչեց ծառայող եղբորը, որ դժբախտին վեց ոսկի տա: Աղքատը խոնարհվեց նրան ու գնաց, բայց մեկ ժամ անց վերադարձավ և ասաց.<<Ողորմի՛ր ինձ, Տիրոջ ծառա, դու ինձ քիչ տվեցիր, ես ավելին եմ կորցրել>>:
Արդարը կարգադրեց նրան ևս վեց ոսկի տալ: Բայց երեկոյան աղքատը նորից եկավ ու արցունք թափելով ասաց.<<Աստծո մարդ, ներիր անամոթությունս, որ նորից եկել եմ քեզ մոտ: Ա՜խ, ես ուրիշների շատ հարստություն կործանեցի և նրանք ինձ սպառնում են բանտով: Ողորմի՜ր դժբախտիս>>:
Երանելին ձայնեց, որ նրան էլի վեց ոսկի տան, բայց վանականն ասաց, որ այլևս ոչինչ չկա տալու:
-Մի որևէ բան տուր նրան՝ կամ հագուստ, կամ սպասք,-ասաց Գրիգորը:
-Վկա է Աստված, որ մեզ մոտ ոչինչ չի մնացել, բացի արծաթյա ափսեից, որով քո մայրը մեզ ճաշ էր բերել,-պատասխանեց վանականը:
-Ա՛յդ տուր նրան,-ասաց Գրիգորը:
Անծանոթը, ափսեն վերցնելով, հեռացավ և չվերադարձավ:
Մի քանի տարի անց, երբ Գրիգորը Հռոմեական եկեղեցու գլխավորն էր, այս աղքատը նրան հայտնվեց այլ կերպարանքով: Գրիգորը սովորության համաձայն սեղան էր պատրաստել՝ կարգադրելով հյուրասիրել 12 հոգու:
Երբ օտարականները նստեցին սեղանի շուրջ, երանելի պապը, նայելով նրանց, տեսավ 13 հոգու և գանձապետի ականջին շշնջաց.<<Ինչո՞ւ իմ հրամանին հակառակ այստեղ ավելի մարդ կա: Երդվում եմ Աստծով, ես ավելի շատ մարդ կհյուրասիրեի ի սրտե, բայց քեզ համար մեղք է իմ հրամանին դեմ գնալը>>:
Վախեցած գանձապահը խաչակնքվելով երդվեց, որ սեղանի շուրջ 12 աղքատ կա: Զարմացած պապը, սևեռուն նայելով ճաշող օտարականներին, և հատկապես 13-րդին, տեսավ, որ նա մերթ երիտասարդանում, մերթ ծերանում է: Ճաշից հետո, երանելի Գրիգորը, բռնելով այդ աղքատի ձեռքը՝ տարավ ննջասենյակ և ուշադիր նայելով, ասաց.
-Երդվի՛ր Ամենակալ Աստծո զորությամբ և ասա ինձ՝ ո՞վ ես դու:
-Ես այն աղքատ ծովագնացն եմ, որին 12 արծաթ տվեցիր: Իմացի՛ր, այդ ժամանակից ի վեր Տերը քեզ ավագ հովիվ կարգեց և Սուրբ Եկեղեցու ավագ աթոռակալ: Ես Տիրոջ հրեշտակն եմ, որ ուղարկված էի, որպեսզի իմանամ. արդյոք սնապարծության համար չէ՞, որ ողորմություն ես անում: Երանելի Գրիգորը սարսափեց, գետին ընկավ ու ասաց.
-Ների՛ր ինձ, Հիսուսի ծառա, որ ես՝ մեղավորս, զրուցեցի քեզ հետ:
-Մի՛ վախեցիր,-պատասխանեց հրեշտակը,-Տերը հրամայեց ինձ, որ միշտ քեզ հետ լինեմ ու Նրա մոտ բարձրացնեմ քո աղոթքները: Այն, ինչ հույսով խնդրես, կստանաս Նրանից:
Այս ասելով՝ երկնային հյուրն աներևույթ դարձավ, իսկ երանելի Գրիգորը, փառք տալով Աստծուն, բացականչեց.<<Տեր, հաստատում եմ, որ Քո ողորմությունն ողորմածների հանդեպ աննկարագրելի է, քանի որ փոքրիկ ողորմության համար ինձ այնքան սիրեցիր, որ արժանացրիր Պահապան հրեշտակի տեսությանը>>:

Հրաչ Բեգլարյանի <<Բարեպաշտության թանգարան>> գրքից

Կատեգորիա՝ Խրատանի