ՍՈՒՐԲ ԴԱՆԻԵԼԻ ԱՌԱԿԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Մի ճգնավոր, որ նստած էր խցում, ձայն լսեց վերևից.<<Արի և ես քեզ ցույց կտամ մարդկային գործերը>>:
Ճգնավորը դուրս եկավ և հայտնված հրեշտակը նրան ցույց տվեց մեկին, որ ծառ էր կտրում և կապելով փորձում էր դնել ուսին, բայց չէր կարողանում: Եվ փոխանակ փայտը պակասեցնելու, ավելի էր ծանրացնում բեռը և դարձյալ փորձում էր բարձրացնել, բայց նորից չէր կարողանում: Եվ այսպես կրկնում էր անընդհատ:
Գնացին մի քանի ասպարեզ, և հրեշտակը մի այլ մարդու ցույց տվեց, որը կանգնել էր ջրհորի մոտ, քաշում էր ջուրը և լցնում խարխուլ տակառի մեջ, որի միջից այն դարձյալ հոսում ու լցվում էր ջրհորի մեջ:
Սրանից զարմանալով՝ ճգնավորը շարունակեց ճանապարհը: Հանկարծ նա մի եկեղեցի տեսավ և երկու հոգու, որոնք ձիերին նստած ու գերանը թեք բռնած, փորձում էին լայնքով մտցնել դռնից ներս, բայց որքան էլ չարչարվում էին, բան դուրս չէր գալիս, քանզի գերանն ավելի երկար էր, քան դռան լայնությունը, իսկ նրանք գերանը թեքել չէին կամենում:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ.- Ծառահատը մեղքերի մեջ ապրող մարդն է, ով ապաշխարելու փոխարեն, անընդհատ ավելացնում է դրանք:
Ջուր քաշողը նա է, ով թեպետ շատ բարիքներ է գործում, բայց իր մեղքերից չի հրաժարվում և դրա համար էլ Աստծո ընտրյալների կարգում տեղ չի գտնում:
Իսկ գերան տանող երկուսը նրանք են, որ առաքինի են, բայց՝ հպարտ:

Հրաչ Բեգլարյանի <<Բարեպաշտության թանգարան>> գրքից

Կատեգորիա՝ Խրատանի