ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀՅՈՒՐ ԿԳԱ, ԵԹԵ․․․

«ԿՈՇԿԱԿԱՐՆ ԱՐԹՆԱՑԱՎ ԵՎ ՈՒՐԱԽԱՑԱՎ, «ՄԻ՞ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է ԻՆՁ ԱՅՑԵԼԵԼՈՒ»,- ՄՏԱԾԵՑ ՆԱ»

Գյուղում մի կոշկակար էր ապրում: Արդար կյանքով էր ապրում, մեծ հավատք ուներ: Եվ ահա, եկեղեցական մեծ տոներից մեկից առաջ հիվանդացավ: Շատ վշտացավ, որ չի կարող եկեղեցի գնալ և հանկարծ, տոնի նախօրեին, ինչ-որ մեկի մեղմ ու հեզ ձայնը երազում ասաց. «Քանի որ դու չես կարող ինձ մոտ գալ, ես կգամ քեզ մոտ այդ օրը»:

Կոշկակարն արթնացավ և ուրախացավ. «Մի՞թե Աստված Ինքն է ինձ այցելելու», մտածեց նա:

Ողջ առավոտ տունը մաքրեց ու կարգի բերեց, որքան կարող էր տոնական հյուրասիրություն պատրաստեց և ցանկալի Հյուրի այցին սպասեց: Եվ ահա, պատրաստության ժամանակ, պատուհանից մի լացող տղայի տեսավ: Իր մոտ կանչեց ու հարցրեց.
– Ինչո՞ւ ես լալիս:

– Այսօր միակ կոշիկներս պատռվեցին և այլևս հագնելու ոչինչ չունեմ: Իսկ մեր ընտանիքն աղքատ է և նորերը գնել չի կարող…
Այնժամ կոշկակարը հանգստացրեց տղային և ասաց.
– Կոշիկներդ ինձ տուր, ես կվերանորոգեմ:

Կարճ ժամանակ անց, երջանկությունից շողացող տղան, կանգնած էր վերանորոգված կոշիկներով: Նրան ճանապարհելով՝ կոշկակարը շարունակեց իր գործը:

Երեկոյան մի աղքատ կին եկավ նրա մոտ և ասաց.
– Ներիր ինձ, խնդրում եմ: Երկարաճիտք կոշիկներս քեզ եմ տվել վերանորոգելու, իսկ վճարել չեմ կարող… Բայց առանց դրանց էլ անհնար է դուրս գալ, որովհետև ցրտել է…
Կոշկակարը ժպտաց ու ասաց.
– Երկարաճիտք կոշիկներդ պատրաստ են: Կրի՛ր և մի՛ մաշիր,- և դրանք կնոջը տվեց՝ առանց որևէ բան պահանջելու:

Մթնեց: Կոշկակարը, գործերը վաղուց ավարտած, նստել էր պատուհանի մոտ և սպասում էր խոստացված Հյուրին: Արդեն քնելու ժամն էր, երբ անպտուղ սպասումից ընկճված կոշկակարն սկսեց անկողինը բացել: Եվ ահա, դուռը թակեցին:

Բացելով՝ իր առջև մի անցորդի տեսավ, ով ասաց.
– Թույլ տուր այստեղ գիշերեմ: Ողջ օրը քայլել եմ, բայց գիշերելու տեղ չունեմ, ոչ ոք ինձ գիշերելու տեղ չի տալիս…

Կոշկակարը խղճաց նրան և իր տուն թողեց: Իր անկողինը նրան տվեց, իսկ ինքը հատակին տեղավորվեց: Եվ ահա, մտածում էր ինքն իրեն.
– Երևի անարժան գտնվեցի Հյուրին, որովհետև այդպես էլ չայցելեց ինձ այսօր… Հավանաբար արժանի չեղա այդ մեծ տոնական օրը Նրա հետ անցկացնելու պատվին,- այսպիսի տխուր մտքերով էլ կոշկակարը քնեց:

Եվ կրկին այն նույն մեղմ ձայնը լսեց երազում, որ ասում էր իրեն.

– Ես այսօր երեք անգամ քեզ մոտ եկա և ամեն անգամ ուրախությամբ ընդունեցիր ինձ:

Կատեգորիա՝ Խրատանի